воскресенье, 27 февраля 2011 г.

Բիզնես - կին: Թույլ սեռի խորամանկությունները



Այսօր ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, գնալով ավելանում են <<բիզնես-կին>>  կոչումը կրող կանայք: Նման կարգավիճակ չունեցող իգական սեռի ներկայացուցիչներից շատերը երազում են ունենալ սեփական բիզնես, սոցիալական միջավայրում գրավել բարձր դրիք:
Տարիներ առաջ կային այնպիսի ոլորտներ, որոնց մենաշնորհը  միայն տղամարդկանց ձեռքում էր, այնինչ` այսօր քիչ ոլորտներ կան, որտեղ կանայք անելիք չունեն:
            Կանայք` օգտագործելով իրենց սեռին հատուկ և շատ տղամարդկանց դեռևս անհայտ փոքրիկ մանիպուլյացիայի մեթոդներ, բիզնեսի տղամարդկային և դաժան աշխարհում կարողանում են առաջ շարժվել և հաջողությունների հասնել:

Եվ այսպես, որոնք են այն հատկանիշները, որ կանանց առջև ի զորու են բացել բոլորր դռները:

·        Կանայք` ելնելով իրավիճակից, կարողանում են արագ և առանց մեծ դժվարությունների կերպարանափոխվել:

Դեր կատարել. ահա մեր` թուլ սեռի ներկայացուցիչներիս հաջողության հասնելու կարևորագույն բանալիներից մեկը:
Կես ժամվա ընթացքում մենք կարող ենք ընկերական և ջերմ մթնոլորտ ստեղծել աշխատակիցների հետ սուրճ ըմպելիս` անգամ մոռացության տալով մեր  ղեկավար լինելու փաստը, հետո` թույլ կնոջ դեր ստանձնել` պատասխանելով ամուսնու հեռախոսազանգին, որոշ ժամանակ անց` խիստ և անդրդվելի ղեկավար դառնալ և զգուշացում տալ անպատասխանատու աշխատակցին:
Ոչ մի տղամարդ, առանց <<նյարդային խախտում>> ստանալու, այդքան քիչ ժամանակահատվածում չի կարող անընդմեջ դերեր փոխել:

·        Կանանց կարևոր կարողություններից մեկը իմիջի փոփոխությունն է

Օրինակ` գնալով կարևոր գործնական հանդիպման, որի մասնակիցները հիմնականում միջին տարիքի կամ ծեր կանայք են, բանիմաց բիզնես - կինը հագնվում է ավելի զուսպ և գրեթե չի օգտագործում կոսմետիկա:
Իսկ, երբ հանդիպումը արական սեռի ներկայցուցչի հետ է` կինը պետք է ունենա անկրկնելի տեսք:
Իր դիմաց տեսնելով գեղեցիկ կնոջ` տղամարդը հաճախ խաբվում է` սեփական սխալ պատկերացումների պատճառով: Համոզված լինելով, որ <<երկու երնեկը մի տեղ չի լինում>> կամ, որ գեղեցիկ կինը դժվար թե նաև խելացի լինի, նրանք թուլացնում են իրենց ուշադրությունը և ընկնում բիզնես - կնոջ <<թակարդը>>:
Բանն այն է, որ երբ կոտրվում են մարդու մեջ արմատացած համոզմունքները, նա հայտնվում է շփոթմունքի մեջ: Այդ պահին նրանից օգտվելը իրենից դժվարություն չի ներկայացնում:

·        Կա մի փոքրիկ թուլություն, որն իրենց կարող են թույլ տալ միայն կանայք

Ընդունված է ասել, որ տղամարդիկ լաց չեն լինում: Իսկ այ կանայք արտասվելիս նույնիսկ ավելի գրավիչ են դառնում: Եթե ղեկավարը տղամարդ է, կին աշխատակիցը` նրբորեն օգտագործելով այս փաստը, կարող է հասնել իր ուզածին: Դրանից շահում է ոչ միայն կինը այլ նաև <<զոհը>>, քանզի ձեր շնորհիվ շոյվում է նրա ինքնասիրությունը, և նա իրեն զգում է բարի և ուժեղ:
Կնոջ ուժն առաջվա պես իր թուլության մեջ է:

·        Մյուս խորամանկությունը, որ կարող են օգտագործել կանայք` հաճոյախոսություններն են

Հայտնի է, որ տղամարդիկ շատ ավելի փառամոլ են, քան կանայք և այն փաստը, որ նրանք ոչ պակաս քան մենք, զգում են հաճոյախոսությունների կարիք` կարելի է լավագույնս օգտագործել: Օրինակ` <<Տիգրան, դու այս բաժնի ամենալավ ու բանիմաց մասնագետն ես, կարող ես այս հարցում ինձ օգնել?>>: Նախադասության սկզբում հնչած հաճոյախոսությունը անտարբեր չի թողնի ոչ մի տղամարդու, և նա անմիջապես կանցնի ձեր խնդրանքի կատարմանը:

Նմանատիպ հուզազգայական մեթոդները զուտ կանացի հայտնագործություններ են:

Բիզնես - կինը կարող է շատ դերեր ստանձնել.



<<Տղամարդ-կին>> - որին տղամարդիկ համարում են <<իրենցից մեկը>> և նրան վերաբերում ոչ թե որպես կին գործընկերուհու, այլ ուղղակի գործընկերոջ (չնայած` այս դեպքում նա զրկվում է կնոջը հատուկ մանիպուլյացիայի ձևերից):






<<Սեքսուալ ներգործություն>> - երբ կինը գործի է դնում հակառակորդին գրավելու և գործից նրա ուշադրությունը շեղելու իր կանացի քնքշանքները: Այս դեպքում պետք է կարողանալ նրբորեն զգալ սահմանը, այլապես դուք հանդիպումը ավելի ինտիմ միջավայրում շարունակելու հրավեր կստանաք:





<<Մայրիկ>> - Այս տիպի ղեկավար կանայք կատարում են մոր դեր: Նրանք սիրում են մտերմիկ միջավայր ստեղծել կոլեկտիվում, կազմակերպել գեղեցիկ ընդմիջումներ` հյուրասիրել խմորեղեն, թեյ, սուրճ և այլն: <<Մայրիկի>> հետ աշխատակիցները կիսվում են, և ինքն էլ անկեղծանում է իր անձնական կյանքի մասին: Ղեկավարման այսպիսի ոճը կիրառելի է հիմնականում կանանցից բաղկացած կոլեկտիվներում:



<<Թագուհի>> -Այսպիսի կին ղեկավարը իշխանատենչ է, ինքնահավան և արհեստավարժ: Նրա մասին շատերն են վատ մտածում, բայց ոչ ոք բարձրաձայն չի արտահայտվում: Նա միշտ ձգտում է շփվել ազդեցիկ մարդկանց հետ: Նրա մեկ հայացքը բավական է` նրա ցանկությունների կատարման համար: 


Կանայք կարող են շատ դերեր խաղալ, սակայն երբեք չպետք է մոռանան, թե իրականում ովքեր են իրենք…